ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և ջանքեր չի խնայում խաղաղ ճանապարհով այն լուծելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբերտ Սեկուտան Փախստականների և հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովի հետ հանդիպմանը:
«Մեզ մտահոգում է վերջին շրջանում զորքերի շփման գծում լարվածության աճը: Կողմերը պետք է զերծ մնան այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի լարվածության: Մենք, մեր հերթին, փորձում ենք առաջ տանել հակամարտության կարգավորման գործընթացը՝ աշխատելով և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»,- ասել է Սեկուտան, որի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը:
Անդրադառնալով Ադրբեջանում փախստականների խնդիրներին՝ դեսպանը հիշեցրել է, որ 20 տարվա ընթացում ԱՄՆ-ը այդ երկրին տրամադրել է 115 մլն դոլարի մարդասիրական օգնություն, իսկ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի տրամադրած օգնության չափը կազմել է 53 մլն դոլար:









































