«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից:
«Կապտանռնագույններ»-ը 3:1 հաշվով հաղթանակ են տարել արտագնա խաղում և մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել:
«Հիանալի է, որ մենք եզրափակիչ անցանք: Սակայն դեռ պետք է հաղթել այն: Այժմ կենտրոնանում ենք առաջիկա հանդիպման վրա:
Հասկանում էինք «Վիլյառեալ»-ի դեմ խաղալու բարդություններն ու փորձում էինք վերահսկել գնդակը: Ինչ վերաբերում է եզրափակչի անցկացման վայրին, ապա ինձ համար միևնույնն է, թե որտեղ կկայանա այն»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնա»-ն ցանկանում է եզրափակիչն անցկացնել «Սանտիագո Բերնաբեո»-ում:








































