Համացանցում հայտնվել է մարտական տեսահոլովակ, որում փառաբանվում է Ռուսաստանի ներխուժումը հարևան երկրներ, նկարագրվում Ռուսաստանը որպես քաղաքակրթություն կրող ուժ և նախազգուշացվում է աշխարհին «իր դեմ չելնել»։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Տեսահոլովակի հրապարակումից ի վեր՝ փետրվարի 27-ից, այն դիտվել է գրեթե 3 մլն անգամ:
Առաջին հոլովակը սոցցանցերում տեղադրել է Եվգենի Ժուրով անունով բլոգերը՝ Նովոսիբիրսկից, սակայն այն լայն տարածում է ստացել այն բանից հետո, երբ Ռուսաստանի փոխվարչապետ ու ՆԱՏՕ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Դմիտրի Ռոգոզինը, ով հայտնի է իր կոշտ հակաարևմտամետ հայացքներով, հրապարակել է հղումը Twitter-ի իր էջում:
Տեսանյութում, որը տևում է 2.5 րոպե, օգտագործվում են համակարգչային անիմացիայի պատկերներ, որոնք արդարացնում են հարևան երկրների բռնազավթումը Խորհրդային Ռուսաստանի ժամանակներից ու փորձում ապացուցել, որ Մոսկվայի վերահսկողությունից դուրս գալուց հետո այդ երկրների վիճակը վատացել է:
«Այո, ես զավթիչ եմ, ու ես հոգնել եմ ներողություն խնդրել դրա համար: Ես զավթիչ եմ ծննդյանս իրավունքով»,- ասվում է տեսահոլովակում:
http://youtu.be/T65SwzHAbes









































