Ապրիլի 24-ի մոտենալու հետ միասին՝ Վաշինգտոնում փորձագետները փորձում են հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների դերը հայ – թուրքական հարաբերություններում:
2015-ը Երևանի և Անկարայի հարաբերությունների համար բարդ տարի է լինելու, սակայն հայ – թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի նաև նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն կողմերը այս տարվա ընթացքում սպասվող իրավիճակներում:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի կարծիքով, 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․ – «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը»:
Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ 2014-ին Թուրքիայի իշխանություններն առաջին անգամ պետական մակարդակով ցավակցություն հայտնեցին 1915 թվականի կոտորածների կապակցությամբ: «Նախորդ տարի Թուրքիան ազդանշաններ ուղարկեց, որոնք վկայում են, որ նրանք ցանկանում են առաջ շարժվել այդ հարցում: Այս բոլորը խոստումնալից նշաններ են», – ասում է նա:
Այդուամենայնիվ, հայ – թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու, համոզված է Թոմ դը Վաալը: Նրա կարծիքով, երկրորդ անգամ անդրադառնալ արձանագրություններին չի կարող իրեն թույլ տալ երկու կողմերից և ոչ մեկը: «Կարծում եմ, անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետև դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում», – ընդգծում է նա:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ջանքերին, ապա, դը Վաալի կարծիքով, Վաշինգտոնը կարող է լուրջ ոգևորություն դրսևորել միայն նոր նախագահի օրոք: «Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա և այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով», – ընդգծում է վերլուծաբանը:
Այս առումով հայ – թուրքական հարաբերությունների համար հեռանկարային կարող է լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում, կարծում է դը Վաալը:
Ջոշուա Ուոքերի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է շահագրգռի հայկական և թուրքական կողմերին լայն տնտեսական աջակցությամբ և նպաստի երկկողմ հարաբերությունների հաստատմանը՝ կենտրոնանալով դրանց դրական արդյունքների վրա:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում








































