ԱՄՆ ռազմաօդային ուժերը շարք են վերադարձրել ավելի վաղ դուրս գրված B-52 ռմբակոծիչը, որը 7 տարի գտնվում էր Արիզոնա նահանգում՝ Տյոսոնի «ինքնաթիռների գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է Warhistoryonline-ը:
Ghost Rider անվանումով B-52H-ը կառուցվել էր 1962-ին ու 2008-ին դուրս գրվել ռազմակազմից: Այն պետք է փոխարինի ռազմաօդային ուժերում այդ տեսակի վնասված մեքենային:
7 տարի առաջ դուրս գրված ռմբակոծիչը օդ բարձրացնելու համար պահանջվել էր երկարատև վերանորոգում: Փորձնական թռիչքի ժամանակ B-52H-ը հաջողությամբ հաղթահարել էր ավելի քան 1600 կմ-ը: Նշվում է, որ Արիզոնայի տաք ու չոր եղանակը չի վնասել ինքնաթիռը:
Ինքնաթիռը ներկայում գտնվում է Լուիզիանայի ավիաբազայում, որտեղ այն պետք է փորձարկվի՝ մինչ շարք վերադառնալը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատմության մեջ սա B-52-ի դուրսգրումից հետո վերադարձի առաջին դեպքն է:









































