Երեկ հայտնի դարձավ, որ Ստամբուլի դատարանը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղավոր է ճանաչել արվեստի գործը վիրավորելու համար և նրան պարտավորեցրել որպես փոխհատուցում վճարել 10 հազար լիրա (շուրջ 4000 դոլար)՝ հուշարձանի հեղինակին հասցրած բարոյական վնասի դիմաց:
Ինչպես հայտնում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը, «Մարդկության հուշարձանի» քանդակագործ Մեհմեթ Աքսոյը, որը Էրդողանից պահանջում էր 100 հազար լիրայի չափով փոխհատուցում, նշել է, որ միայն այս դատը շահելով չի բավարարվելու։
«Հուշարձանը վերականգնելու նպատակով արդեն դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և այժմ Թուրքիայի դեմ դատական գործ է բացվել։ Վճիռը հայտնի չէ, գործը դեռ ընթանում է»,- ասել է Աքսոյը։
Հիշեցնենք, որ «հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի» կառուցման աշխատանքները դեռ չէին ավարտվել, երբ 2011 թվականի հունվարի 8-ին Կարս այցելած Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թայիփ Էրդողանը «Մարդկության հուշարձանն» անվանեց «այլանդակ»՝ կարգադրելով ապամոնտաժել այն։ 5 ամիս անց՝ հունիսի 14-ին, հուշարձանն ապամոնտաժվեց։
Պատրաստեց՝ Մխիթար Հայրապետյանը









































