ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի մասին: Ընդ որում, խմբավորման հայտարարության մեջ չի նշվում, թե որքան է տևելու այդ հրադադարը: Այս մասին հաղորդում է BBC-ն: ՀԱՄԱՍ-ի ռազմական շատ խմբավորումներ ստորագրել են հրադադարի համաձայնագիրը` կանխելու համար տարածաշրջանում լարվածության աճը: Այս մասին հաղորդում է Franec Presse գործակալությունը:
Նախորդ օրերին շատացել են բախումները ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների և իսրայելական բանակի միջև: Ապրիլի 7-ին Գազայի տարածքից արձակված հակատանկային հրթիռը հարվածել է աշակերտական ավտոբուսին: Դրա հետևանքով 2 հոգի վիրավորվել են, իսկ 16-ամյա մի պատանի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հինգշաբթի օրը Գազայի տարածքից բաց է թողնվել մի քանի տասնյակ ականանետային արկ: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այս մասին տեղեկացնում է Haaretz-ը:
ՀԱՄԱՍ-ի այս գործողությունները հաջորդել են ապրիլի 2-ին Իսրայելի օդուժի կողմից իրականացված ռմբակոծություններին, որի հետևանքով սպանվել էր ՀԱՄԱՍ-ի 3 գրոհային: Երեկ իսրայելցիները պատասխանել են հրթիռակոծությամբ, որի հետևանքով սպանվել է 4 պաղեստինցի, ևս 30-ը ստացել են ծանր վնասվածքներ:









































