ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի իշխանությունները սահմանել են հասարակական տրանսպորտի վճարման նոր համակարգ՝ այսուհետ տոմսի գինը կախված կլինի ընտանիքի եկամտից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այն ընտանիքները, որոնց եկամուտը կազմում է ապրուստի նվազագույն դաշնային մակարդակի 200%-ից էլ պակաս, կստանան զգալի զեղչեր տոմսերի համար: Ինչպես սպասվում է, նորամուծությունը կառնչվի Սիեթլի 100 հազար բնակիչների։
Նոր համակարգի կողմնակիցները հայտարարում են, որ այն անհրաժեշտ է, քանի որ տեղի բնակիչների շրջանում եկամուտների անհավասար բաշխման աճի պատճառով հասարակության ավելի աղքատ շերտերը տեղափոխվում են արվարձաններ:
Սիեթլում հասարակական տրանսպորտի բարձր սակագինը, նրանց խոսքով, հանգեցրել է նրան, որ բազմաթիվ ոչ հարուստ մարդիկ երբեմն չեն կարողանում աշխատանքի գնալ:
Այսուհետ 4 հոգանոց ընտանիքը, որը վաստակում է տարեկան 47.700 դոլարից քիչ, կվճարի ընդամենը 1.50 դոլար՝ ավտոբուսով, գնացքով կամ նավով երթևեկելու համար: Զեղչը կազմում է 50%:









































