Ռեժիսոր Ջոն Միլանոն, որը ծագում է իտալացի և հույն ծնողներից, ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է North Jersey-ն։
«Ես հայ չեմ,- ասել է Միլանոն,- բայց ես մեծացել եմ Օրադելում, որտեղ Ամերիկայում հայկական ամենամեծ համայնքներից մեկն է»,- ասել է նա՝ հավելելով, որ փոքր տարիքում գաղափար անգամ չի ունեցել, թե բանն ինչն է։ «Հետո, երբ դպրոց գնացի, իմ բոլոր ընկերները հայեր էին։ Նրանք այնպիսի մեծ պատմություն ունեին իրենց հետևում»,- ասել է նա։
Նրա «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի վրա աշխատում են արդեն երկու տարի։ Ֆիլմը մշակումների վերջին փուլում է։ Այն էկրան կբարձրանա մարտի 15-ին Լոս Անջելեսում, որից հետո Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ցուցադրություններ կլինեն Կոպենհագենում, Նյու Յորքում և Հայաստանում։
Միլանոն պատմել է հայ համայնքից իր մանկության ընկերոջ մասին, որը մեծ փաստաբան է դարձել։
«Տարիների ընթացքում նա ինձ պատմել է սոսկալի, սոսկալի պատմություններ իր պապերի ու տատերի մասին և այն մասին, թե ինչպես են նրանք վերապրել»,- ասել է նա։ «Միակ մարդիկ, ովքեր խոսում էին այդ մասին, հայերն էին, դա չի ուսուցանվում դպրոցներում։ Եվ այսպիսով՝ ես ցանկացա պատմել նրանց պատմությունը»,- ասել է Միլանոն։
Ֆիլմում հանդես կգան մի խումբ երիտասարդ հայ դերասաններ, իրանահայ դերասանուհի Մերի Ափիքն ու Մարկո Խանը։ 40 հազար դոլար բյուջեով ֆիլմը նկարահանվել է Կալիֆոռնիայի Սիմի հովտում։




































