«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկվայաբնակ հայ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
-Պարոն Խաչատրյան, Հայաստանում հետաքրքիր քաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում։ Իշխանափոխություն պահանջող եռյակն այլևս ասպարեզում չկա, հայտնի չէ նաև դրա դոմինանտ ուժի՝ ԲՀԿ-ի ճակատագիրը։ Ի՞նչ եք կարծում, Մոսկվան ինչքանո՞վ էր հետաքրքրված Հայաստանի ներքաղաքական կյանքի այս դասավորումներով: Արդյո՞ք Ծառուկյանի «չեզոքացումը» նոր վտանգավոր բաց չի առաջացնում ընդդիմադիր դաշտում հենց Մոսկվայի համար:
-Ընդհանրապես, Ռուսաստանը հիմա ծանր տնտեսական կացության մեջ է. ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի, Ուկրաինայի հարավարևելյան շրջանում տեղի ունեցած իրադարձությունները իրենց էական ու ծանր անդրադարձն են ունեցել Ռուսաստանի վրա, և կարծում եմ, որ այլ երկրների հետ կապված նմանատիպ հարցերը հիմա երկրորդ պլան են մղված:
Այո՛, ես իսկապես կարծում եմ, որ Հայաստանում հիմա նոր, առողջ ուժեր կարող են ի հայտ գալ: Միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ դա կլինի երիտասադրությունը: Մեր սերունդը ինչ-որ հարցերում սխալվել է՝ գուցե նոր էր մեզ համար, գուցե այդքան հեռատես չէինք այս ամենը տեսնելու, ճիշտ ճանապարհներ գտնելու ու ճիշտ որոշումներ կայացնելու համար, բայց այն, որ հույսը եկող երիտասարդ ուժերն են՝ դա հաստատ է: Չեմ կարող վստահաբար նշել՝ այդ ուժերը կլինեն եվրոպամե՞տ, թե՞ ռուսամետ, և թե ինչքանով նրանք կշարունակեն պռուռուսական քաղաքականությունը: Հայաստանում հիմա դրությունն այնքան ծանր է այդ առումով, որ ինչ-որ բան կանխորոշելը շատ վաղ է:
Այս պահին Հայաստանում շարժիչ ուժ չկա, բայց չկա ոչ թե այն պատճառով, որ խելոք մարդիկ չկան, այլ ուղղակի այդ խելացի, բանիմաց ու կրթված մարդիկ ասպարեզում երբեք չեն եղել:
-Մինչ այս պահը Հայաստանում թե՛ իշխանությունը, թե՛ ասպարեզում եղած ընդդիմությունը պաշտպանել է Ռուսաստանի վարած քաղաքականությունը, կողմ քվեարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու պայմանագրին։ Հնարավո՞ր է՝ մինչև հերթական ընտրությունները այլ հայացքներ ունեցող գործիչներ ընդդիմադիր ասպարեզում ներկայացվեն:
-Առաջինը այն ուժերը, որոնք Ռուսաստանի թելադրանքով չեն շարժվի, պետք է ունենան դա անելու լծակներ: Կա՞ն արդյոք այդպիսիք՝ ես չգիտեմ:
Հիմա Հայաստանում քաղաքական դաշտը մեղմ ասած՝ հանցագործ է, և օգտագործել պետական ապարատները անձնականի համար ու երկրի ղեկավարից լսել այդպիսի բան մի անձի մասին, որին ինքն է հասունացրել՝ չգիտեմ, ուրիշ որտեղ կտեսնես: Հասկանո՞ւմ եք, 30-ից ավելի պատգամավորներ միանգամից շարքից հանվեցին, ոմանք խմբակցությունից դուրս եկան, ոմանք՝ ոչ, բայց այն, որ շարքից դուրս եկան՝ դա հաստատ է: Մենք գիտեինք, որ Հայաստանում հնարավոր է նման բան, բայց հիմա սա տեսավ ամբողջ աշխարհը:
Հայտնի չէ, թե Ռուսաստանն այս իրավիճակից ինչպես է դուրս գալու, ինչպես տնտեսական ու քաղաքական առկա ճգնաժամը կանդրադառնա այլ երկրների վրա, բանկային սիստեմն ամբողջովին տապալված է, և Ռուսաստանը հիմա շատ ավելի լուրջ մտածելու բաներ ունի, քան Հայաստանի քաղաքական ուժերի դասավորությունը: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակից Հայաստանում հետևություններ չեն արվում։ Որևէ մեկը մտածո՞ւմ է, օրինակ, թե ռուս-թուրքական համագործակցության խորացումը, Ադրբեջանին զենքի մատակարարումը, ընդհանրապես՝ այս դաշինքնրի խորացումը ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա. իհարկե՝ ոչ, Հայաստանում բոլորն այլ հաշիվներով են զբաղված: Ռուսաստանը հիմա սրա մեջ չի խորանա, ամեն դեպքում նշեմ, որ նախագահն այս քայլն անելով վստահ էր, որ Ռուսաստանը դեմ չի լինելու:
Չգիտեմ՝ ուրիշ ինչկերպ ներկայացնեմ Հայաստանում ստեղծված անհեթեթ վիճակը։ Կա՞ մի երկիր, որտեղ մեկ օրում 36 պատգամավոր իր ուժը կորցնում է. դա Հայաստանի համար ահռելի թիվ է: Եվրոպայում լիներ, թե այլ երկրներում՝ հիմա ամբողջ աշխարհի թերթերը կգրեին: Այսօր Ռուսաստանը արդեն դրա մասին չի խոսում, իսկ եվրոպական մամուլին սկզբից էլ չէր հետաքրքրում: Ուղղակի եթե 36 պատգամավորը ժողովրդի կողմից է ընտրված ու մեկ ելույթով այս վիճակում է հայտնվում, միայն մի բան կասեմ՝ նրանք ուրեմն ժողովրդի կողմից ընտրված չեն:
–Ի՞նչ եք կարծում, ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի բացը կարո՞ղ է լրացնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս հաճախակի հանդես է գալիս իշխանություններին քննադատող հարցազրույցներով:
-Եթե Ռոբերտը չլիներ ղարաբաղցի, և չլիներ Մարտի մեկը՝ հնարավոր էր, բայց այսօր եթե այդպիսի քայլի գնան, ապա առաջինը վտանգի տակ կդնեն ամբողջ Ղարաբաղը, ու Հայաստանը կարող է դառնալ Ղարաբաղ:
Այլանդակ քայլ կկատարվի, սոված ժողովուրդը մի՞թե չի տեսնում ստեղծված դրությունը: Հարյուրավոր միլիոններ կերտում, իրենք էլ գնում Ամերիկա, կյանք դասավորում․ այդ ամենը ժողովրդի աչքի առջև է:
Միևնույն ժամանակ ասեմ, որ Հայաստանի դեպքում ոչինչ բացառել չի կարելի:









































