«Օքսֆամ» միջազգային բրիտանական կազմակերպության հայաստանյան գրասենյակը այսօր Սիրահարների այգում կազմակերպել է տոնական միջոցառում` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
«Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» խորագիրը կրող տոնական միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր գյուղական համայնքներից ներկայացուցիչներ, ովքեր ցուցահանդեսին ներկայացնում էին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներ և ավանդական ուտելիքներ:
Միջոցառմանը մասնակցեց և կանանց ու աղջիկներին տոնի առթիվ շնորհավորեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
««Օքսֆամ»-ը տարաբնույթ շատ ծրագրեր է իրականացնում Հայաստանում, սակայն ես հատկապես կարևորում եմ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները»,- ասաց Լոնսդեյլը:
Դեսպանին առավելապես հուզում է կանանց հանդեպ բռնությունը մեր երկրում: Ըստ նրա` այս հարցում առաջընթաց գրանցելու համար պետք է կարծրատիպեր կոտրել:
«Օքսֆամ»-ը աշխատում է գյուղական համայնքներում. Հայաստանի 6 մարզերում, ավելի քան 165 գյուղերում`նպաստելով կանանց տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը:
«Օքսֆամ»-ը ստեղծվել է 1948թ. -ին` աշխարհում աղքատությունը կրճատելու, տառապանքը նվազեցնելու առաքելությամբ: «Օքսֆամ»-ը գործում է ավելի քան 70 երկրներում:







































