Նյույորքցի կոմպոզիտոր Ջոզեֆ Բերտոլոցին Էյֆելյան աշտարակը տնօրինող ընկերությունից իրավունք է ստացել Փարիզի խորհրդանիշն օգտագործել որպես երաժշտական գործիք: Այս մասին հայտնում է The New York Times-ի բլոգը:
Բերտոլոցիին թույլատրել են ձայնագրել այնպիսի նոտաներ, որոնք ստացվում են աշտարակը որպես պերկուսիոն գործիք օգտագործելիս: Այդ հարվածներից ստացված ձայները կօգտագործվեն հետագայում երաժշտական ստեղծագործություն արարելու համար: Նրա վերջնական նպատակը Էյֆելյան աշտարակի վրա այդ երաժշտությունը կենդանի կատարելն է:
Ամերիկացին առաջին անգամ չէ, որ շինությունն օգտագործում է որպես երաժշտական գործիք: Ավելի վաղ նա ձայներ է ստացել Հուդզոնի վրա գտնվող Ֆրանկլին Ռուզվելտի կամրջից:
Երաժիշտն արդեն սկսել է միջոցներ հավաքել համերգ տալու համար, որը, ըստ նախնական ծրագրերի, կտրվի Էյֆելյան աշտարակի 125-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ:








































