Բրիտանական ռազմաօդային ուժերի կործանիչները փետրվարի 18-ին տագնապով օդ են բարձրացել, երբ 2 ռուսական ռազմական ինքնաթիռ են նկատվել Կոռնուոլի մերձափնյա տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ բրիտանական կործանիչներն ուղեկցել են 2 ռուսական ինքնաթիռներին, մինչև դրանք լքել են «Միացյալ Թագավորության շահերի գոտի համարվող տարածքը»: Նա հավելել է, որ բրիտանական օդային տարածքի խախտում չի եղել:
Տարածքային Pirate FM ռադիոկայանը, հղում անելով բրիտանական ՌՕՈւ-ում իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները, ենթադրաբար, Իռլանդիայի արևմտյան մերձափնյա տարածքից թռել են Լա-Մանշի շրջան: Ռադիոկայանի տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:30-ին (մեր ժամանակով՝ 22:30), իսկ նրանց կանգնեցնելու են ուղարկվել երկու Tornado կործանիչ Լինքոլնշիրի բազայից:









































