Գերմանիան նշել է իր պատմության ամենասև օրերից մեկը՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու 80-ամյակը։ Արարողությունը կայացել է Բեռլինի Topographie des Terrors կենտրոնում, որտեղ մեկնարկել է «Բեռլին-1933՝ ճանապարհ դեպի բռնապետություն» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, որն ասել է. «Հիտլերի իշխանութան գալը հնարավոր դարձավ, որովհետև նրան աջակցում էր գերմանական վերնախավը, սակայն գերմանացիների գերակշիռ մեծամասնությունը լուռ է մնացել և ձևացրել է, թե ոչինչ չի նկատում»։
Մերկելը նշել է, որ այդ իրողության գլխավոր դասը այն եղավ, որ մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատությունները չեն կարող պաշտպանել իրենք իրենց։ Կանցլերը ասել է, որ ժողովրադավարությունը մարդիկ են, որ պատրաստ են պատասխանատվություն վերցնել իրենց վրա, ընդունել քննադատությունը և ընդդիմության հետ երկխոսություն վարել կարողանալ։
Topographie des Terrors-ի նախագահ Անդրեաս Նահաման հիշեցրել է, որ Հիտլերը կարողացավ Գերմանիայի միահեծան ղեկավար դառնալ՝ ժողովրդավարական ընտրություններին ստանալով ընտրողների ձայների ընդամենը մեկ երրորդը։ Նա հավելել է, որ Հիտլերը երկիրը տարավ պատերազմի և ցեղասպանության ճանապարհով։
Արարողություն է կատարվել նաև Ռեյխսթագի շենքում, որտեղ գործում է Գերմանիայի խորհրդարանը։ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը նշել է, որ այդ շենքը ժողովրդավարության վախճանի կենդանի վկան է, Հիտլերի իշխանության գալը պատահականություն չէր, այն հնարավոր էր թույլ չտալ։








































