ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գործող KFOR-ի (Kosovo Force) միջազգային ուժերը կմնան Կոսովոյում այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է, իսկ նրանց թվաքանակը այլևս չի կրճատվի: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք կպահենք Կոսովոյում զորքերի ներկա մակարդակը այնքան ժամանակ, որքան որ հարկ լինի ՄԱԿ-ի մանդատի լիարժեք իրականացման և Կոսովոյում բոլոր մարդկանց անվտանգուլթյունն ու ազատ տեղաշարժն ապահովելու համար»,- ասել է Ռասմուսենը Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չէր բացառում KFOR ուժերի վերախմբավորումը:
Այս միջազգային ուժերը ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գործում են 1999թ. ամռանից՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի: KFOR-ի կոնտինգենտի թիվն այս պահին կազմում է 5600 զինծառայող 30 երկրներից:








































