Ռոբերտ Մուգաբեն պատրաստվում է փետրվարի 28-ին մեծ շուքով նշել իր 91-ամյակը: Վիկտորիա ջրվեժին մոտ գտնվող սպա-հյուրանոցում 20 հազար հյուրեր կհամտեսեն երկու փղի, երկու գոմեշների, հինգ քարայծների և մեկ առյուծի մսից պատրաստված ուտեստները: Դրանից բացի, Չինաստանից ևս 27 փղեր կմատակարարվեն:
Le Figaro-ի տվյալներով՝ այս պահին բանակցություններ են ընթանում արգելանոցի ադմինիստրացիայի հետ, որտեղ կսպանեն կենդանիներին: Սակայն այս իրադրությունից դժգոհ են վայրի բնության պաշտպաններն ու տեղի բնակիչները:
Չնայած Զիմբաբվեում առկա սովի խնդրին՝ այս երկրի կառավարիչը իրեն չի զրկում շքեղ տոնակատարություններից: Անցած տարի նրա ծննդյան օրը 90 օդապարիկներ են օդ բաց թողնվել և 90կգ կշռով տորթ է պատրաստվել: Այս պատրաստությունները նախագահին 40 միլիոն դոլար են արժեցել:
Իր 85-ամյակին Ռոբերտ Մուգաբեն 2 հազար շիշ շամպայն, 500 շիշ վիսկի, ութ հազար օմար, 100կգ խեցգետին և չորս հազար բաժին սև ձկնկիթ է պատվիրել:
Ակնհայտորեն նախագահը չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա, 2014թ. դեկտեմբերին նա հայտարարել է, որ իշխանությունից իրեն կարող է միայն մահը բաժանել, չնայած, սահմանադրության համաձայն, նա երկիրը կարող է կառավարել միայն մինչև 99 տարեկանը: Նշենք, որ Զիմբաբվեն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկն է համարվում:









































