Հնդկաստանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հանդիպել են իրայելցի դիվանագետների հետ, որի ընթացքում նախազգուշացրել են փետրվարի 13-ին՝ Հնդկաստանում Իսրայելի դեսպանատան դեմ հարձակման տարելիցի օրը, իսրայելական թիրախների դեմ իրանցի գործակալների հնարավոր նոր հարձակման մասին: Այս մասին հայտնում է MIGnews. com-ը:
Հնդկաստանում իսրայելական հաստատությունների անվտանգության միջոցառումները ուժեղացվել են իսրայելական կողմի խնդրանքով:
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի 13-ին Նյու Դելիում գտնվող Իսրայելի դեսպանատան աշխատակցի մեքենայից ոչ հեռու պայթյուն էր որոտացել: Հենց նույն օրը ականապատվել էր Թբիլիսիում իսրայելցի դիվանագետի ավտոմեքենան:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս ամենի մեջ մեղադրել էր Իրանին: Նեթանյահուն հայտարարել էր նաև, որ Իսրայելը վերջին ամիսներին նման հարձակումներ է կանխել Ադրբեջանում, Թաիլանդում և այլ երկրներում:










































