Զարմանալի պատմությունը, որը կարող էր վերածվել ողբերգության, տեղի է ունեցել Հնդկաստանի Ռաջստան քաղաքում: Մանու անունով մի հղի կին, որը ճանապարհորդել է գնացքով, անսպասելիորեն վատ է զգացել ու գնացել է զուգարան: Նա կորցրել է գիտակցությունը, ու սկսվել են ծննդաբերական ցավերը, գրում է Mirror-ը:
Անգիտակից կինը երեխա է ծննդաբերել: Ինչպես հնդկական գնացքներում զուգարանների մեծ մասում՝ հատակին ուղղակի անցք է բացված եղել, որտեղից էլ նորածինն ընկել է ռելսերի վրա:
Բարեբախտաբար, այդ պահին զուգարանի կողքին գտնվող սրահում են եղել գնացքի աշխատակիցները, որոնցից մեկն էլ լսել է երեխայի ճիչը, ու հասկանալով, որ զուգարանի դուռը կողպված է՝ հրամայել է մեքենավարին կանգնեցնել գնացքը:
Նրանց հաջողվել է հայտնաբերել նորածնին ու նրան մոր հետ տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրանց երկուսին էլ առաջին օգնություն են ցուցաբերել: Բժիշկների խոսքերով՝ մորն ու մանկանը վտանգ չի սպառնում:









































