Research In Motion կանադական ընկերությունը հանրությանը ներկայացրել է սարքեր, որոնք աշխատում են BlackBerry 10 նորագույն բջջային օպերացիոն համակարգի հիմքով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, BlackBerry Q10 և BlackBerry Z10 անունը ստացած սարքերի շնորհանդեսն ընկերության գլխավոր տնօրեն Թորսթեն Հեյնսի կողմից անցկացվել է Նյու Յորքում:
Z10 մոդելը հարստացված է 4.2 դյույմ անկյունագիծ ունեցող սենսորային էկրանով և երկու տեսախցիկներով՝ 8 ՄԳպ, 2 ՄԳպ:
Q10-ն ունի 3.1 դյույմ անկյունագծով սենսորային էկրան և փոքր ֆիզիկական ստեղնաշար:
Մեծ Բրիտանիայի բնակիչներն արդեն կարող են ձեռք բերել Z10:
Կանադայում սարքը վաճառքի կհանվի փետրվարի սկզբին, իսկ ԱՄՆ-ում՝ մարտին: Կանադայում հեռախոսի գինը օպերատորի հետ եռամյա պայմանագրի դեպքում մոտավորապես կարժենա 150 դոլար:
RIM-ի ներկայացուցիչները պատմել են նաև նոր մուլտիմեդիայի հարթակի մասին, որով աշխատելու են ներկայացված սարքերը: Նրանց խոսքերով՝ օգտատերերը հնարավորություն կունենան ձեռք բերել կողմնակի հավելվածներ, իսկ սմարթֆոնները BlackBerry 10-ի շնորհիվ կաշխատեն ավելի արագ և ձեռք կբերեն մի շարք նոր գործառույթներ:
RIM-ը հույս ունի, որ ներկայացված սարքերը կօգնեն ընկերությանը վերադարձնել առաջատարի դիրքերը, որոնք կորցրել է մասնավորապես iPhone սմաթֆոնների շուկա դուրս գալուց հետո:








































