Armtimes.com-ը գրում է. «Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների եւ նրանց բերման ենթարկելու վերաբերյալ: Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ Նոր Նորքի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մանուկյանը երեկ բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն»:
Երեկ երեկոյան բերման ենթարկված մյուս ԲՀԿ-ականների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «ՀՀ ոստիկանությունը ամեն օր հանրապետության տարբեր տարածքներում բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակում: Այդ գործողությունները բացառապես իրավական հարթությունում են, և խորհուրդ ենք տալիս դրանք արհեստականորեն չքաղաքականացնել:
Ոստիկանությունը բազմիցս նշել է, որ իր գործառույթները՝ հանցագործությունների կանխում, նախականխում, բացահայտում, հասարակական կարգի ապահովում, իրականացնելու ընթացքում առաջնորդվում է զուտ իրավական չափորոշիչներով, և հանցագործության սուբյեկտի քաղաքական պատկանելությունը բացարձակապես որևէ նշանակություն չունի:
Ոստիկանությունը օրենքով թույլատրված շրջանակներում մշտապես հանրությանը պատշաճ տեղեկատվություն է տրամադրել ու տրամադրում է և հետայսու էլ իրականացնելու է իր այդ գործառույթը:
ԶԼՄ-ներում հիշատակված բոլոր դեպքերի վերաբերյալ առաջիկայում կտրվի տեղեկատվություն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































