Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուն:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դրական զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ամուր միջպետական կապերի ընդլայնման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական ակտիվ շփումները։ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Դավիթ Ուսուպաշվիլու այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական է համարել, որ Վրաստանի խորհրդարանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում են նաև հայազգի պատգամավորներ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են հաճախակի փոխայցելությունները։
Դավիթ Ուսուպաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը, կարևորել են միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացումը։
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրների: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:









































