Սոչիում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում «Արարատը» վստահ հաղթանակ տարավ տեղի «Յուգ-Սպորտ» թիմի նկատմամբ:
Հանդիպման սկզբնամասում Սոչիի թիմը անդրադարձի օգնությամբ առաջ անցավ հաշվի մեջ, ինչին «Արարատ»-ն արագորեն պատասխանեց Ալեքսանդր Ռակիչի և Վիկտոր Գարզայի գոլերով:
Երկրորդ խաղակեսում «Յուգ-Սպորտը» 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, սակայն մի քանի րոպե անց Սաման Աղազամանին կրկին առաջ մղեց «Արարատ»-ին` իրացնելով Արեգ Ազատյանի վաստակած 11-մետրանոց հարվածը: Խաղի վերջնամասում մեր թիմը մեծացրեց ճնշումը, ինչի արդյունքում Կարլո Չուեկայի իրացրած անկյունայինից հետո «Արարատ»-ի 4-րդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Մոյսես Օրոզկոն:
«Արարատ». Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Վահե Մարտիրոսյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Սեյեդ Հոսեյն Հոսեյնի (Ռաֆֆի Կայա), Նիկոլաս Պրոեսման (Դավիթ Գրիգորյան), Սաման Աղազամանի (Կարլո Չուեկա), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Ալան Ալբորով (Ամիրի Շոեյբ), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Ալեքսանդր Ռակիչ (Մոյսես Օրոզկո):
Հանդիպմանը մասնակցեց նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալան Ալբորովը, ով նախկինում հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիա»-ում և Պյատիգորսկի «Մաշուկ»-ում: 24-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում մեր թիմում:
Փետրվարի 19-ին «Արարատ»-ը երրորդ և վերջին ստուգողական խաղը կանցկացնի Սոչիում` մրցելով Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Ձերժինսկի «Խիմիկ»-ի հետ: Հաջորդ օրը մեր թիմը կավարտի ուսումնամարզական հավաքը և կվերադառնա Երևան:









































