Անգլիայում և Ուելսում անգլերենից հետո երկրորդ լեզուն լեհերենն է: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայկոչելով 2011թ. Մեծ Բրիտանիայի մարդահամարի տվյալները:
Մեծ Բրիտանիայի վիճակագրության ազգային ծառայությունից հայտնել են, որ ավելի քան կես միլիոն մարդ լեհերենն անվանել է «հիմնական լեզու»: Փորձագետներն այս ցուցանիշը կապում են Արևելյան Եվրոպայի երկրներից ներգաղթյալների հոսքի հետ:
Վերջին 10 տարիների ընթացքում՝ այն բանից հետո, երբ Արևելյան Եվրոպայի երկրները դարձան ԵՄ անդամ, Բրիտանական կղզիներ է ժամանել շուրջ մեկ միլիոն ներգաղթյալ:
Հարցման մասնակիցների 8%-ը հայտնել են, որ անգլերենն իրենց համար հիմնական լեզու չէ: Լոնդոնում այս ցուցանիշը կազմել է 22%: Իսկ շուրջ 140 հազար մարդ խոստովանել է, որ չի տիրապետում անգլերենին:











































