Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Քութաիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ցույց է տվել պատգամավոր Գուբազ Սանիկիձեի լուսանկարը, որտեղ վերջինս քնած է պատկերված,- հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիի նախագահական նստավայրում, որտեղ եկել էին Քութայիսի համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Սաակաշվիլին, բաճկոնից հանելով պատգամավորի լուսանկարն ասել է, որ քանի դեռ Քութայիսի մեծամասնական պատգամավորը քնած է խորհրդարանում, քաղաքացիական հանրությունը պետք է զարթնի՝ Քութայիսի խորհրդարանը չկորցնելու համար: Նախագահի կարծիքով՝ Քութայիսի խորհրդարանն իր մեջ մարմնավորում է Վրաստանի ուժեղացման գաղափարը:
Նշենք, որ Գուբազ Սանիկիձեն «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ է և Քութայիսը ներկայացնող մեծամասնական պատգամավորն է Վրաստանի խորհրդարանում: Քնած խորհրդարանականի լուսանկարը վերջերս տարածվել էր սոցիալական ցանցերում: Նշվել է, որ լուսանկարն արվել է խորհրդարանի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը մայրաքաղաք Թբիլիսիից տեղափոխվել էր Քութայիս (արևմտյան Վրաստան): Այս գաղափարի նախաձեռնողները, ներառյալ Սաակաշվիլին, հայտարարել են, որ օրենսդիր մարմնի տեղափոխումը կնպաստի արևմտյան Վրաստանի քաղաքների զարգացմանը: Սակայն իշխանության եկած «Վրաստանի երազանքը» ցանկանում է խորհրդարանը կրկին տեղափոխել Թբիլիսի:








































