«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը
– Պարոն Արզումանյան, Սերժ Սարգսյանի բավականին կոշտ (Գագիկ Ծառուկյանը չարիք է) գնահատականին հետևեց Գագիկ Ծառուկյանի ելույթը այն մասին, որ գնում են արտահերթ նախագահական ընտրությունների ճանապարհով: Այս իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել:
– Ստեղծվել է նոր ներքաղաքական իրավիճակ: Ես կցանկանայի զերծ մնալ մեկնաբանություններից: Ժողովրդական խոսք կա՝ եթե ընտանիքում կռիվ է լինում, հարևանները չպետք է միջամտեն: Այս առումով ես սա ներընտանեկան կռիվ եմ համարում և կարծում եմ՝ շուտով հանգուցալուծումը կտեսնենք:
Այդ ելույթներից, որպես կարևոր պատգամ, ես ընկալում եմ այն, որ քաղաքական դաշտը պետք է վերադարձվի քաղաքական գործիչներին: Սա բավականին հետաքրքիր ուղերձ էր, եթե կիրառվի ողջ սպեկտորի նկատմամբ, այսինքն՝ քաղաքական բոլոր կուսակցությունները առաջնորդվեն այդ մոտեցմամբ և հետևելով Սահմանադրության պահանջին և օրենքի տառին՝ փորձեն զերծ պահել ԱԺ-ն տարբեր տեսակի գործարարներից: Ես որևէ խնդիր չունեմ գործարարների հետ, բայց գործարարները պետք է զբաղվեն գործարարությամբ, օրենսդիրները՝ օրենսդիր գործով, ուսուցիչները՝ վարժապետությամբ և այդպես շարունակ: Այնպես որ՝ կապրենք, կտեսնենք: Այո, աննախադեպ ձևակերպումներ կան, շատ կոշտ գնահատականներ: Եվ սա վերջին հաշվով տանում է քաղաքական դաշտի բյուրեղացման, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն՝ կտեսնենք:
– Այնուամենայնիվ, արդյոք ՀՀԿ-ն իրենի՞ց չպետք է սկսի:
– Ես կարծում եմ՝ դա վերաբերում է բոլորին: Հավանաբար ավելի ընդունելի և ընկալելի կլիներ, եթե սկսվեր հենց ներքին ինքնամաքրման պրոցեսը, բայց նաև տարբեր բացատրություններ են տալիս: Հիմա տեսնենք՝ որքան հետևողական կլինեն իշխանությունները իրենց օրինակով նպաստելու այն բանին, որ բոլոր քաղաքական ուժերը գիտակցեն՝ մեզ արդեն նոր որակի կուսակցություններ և գործիչներ են պետք:
Ավելին՝ տեսանյութում:









































