Կոսովոյի սերբերը հայտարարել են քաղաքացիական անհնազանդության մասշտաբային ակցիաների մասին: Այսպիսի որոշում է ընդունվել հունվարի 30-ին Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ, որին ավելի քան 5 000 մարդ է մասնակցել,- հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցարարները նաև ինքնահայտարարված Կոսովոյի Հանրապետության կազմում ընդգրկվելու դեմ հռչակագիր են ընդունել: Փաստաթղթում հերքվել են ավելի վաղ Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչների երկխոսության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ոչ ոք իրավունք չունի փոխելու սահմանադրական իրավական կարգը և սահման ու անցակետ սահմանելու Սերբիայի և Կոսովոյի միջև»,- ասված է հռչակագրում:
Ցույցի մասնակիցները «Ոչ բրյուսելյան խաբեությանը» նշանաբանով սպառնացել են վերսկսել շրջանի հյուսիս տանող ավտոմայրուղիներին բարիկադների կառուցումը: Դա, նրանց խոսքերով, կօգնի կանխել շրջանում ալբանական իշխանության մարմիններ կազմավորելու Պրիշտինայի փորձերը:
Ցուցարարները նաև Սերբիայի Սահմանադրական դատարանից պահանջել են Բելգրադի և Պրիշտինայի համաձայնություններին իրավական գնահատական տալ և սահմանել՝ արդյո՞ք դրանք չեն հակասում երկրի սահմանադրությանը: «Մենք նաև պահանջում ենք անմիջապես դադարեցնել հետագա բանակցություններն ու Սերբիայի համար վնասակար համաձայնությունների ընդունումը»,- ասված է փաստաթղթում:
Հռչակագրի հեղինակները նաև դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով անմիջապես գտնել և պատժել Կոսովոյի սերբերի վրա վերջերս արված հարձակումների, ուղղափառ գերեզմանատների և եկեղեցիների պղծման պատասխանատուներին:











































