Որքան էլ Հայ ազգային կոնգրեսում ջանում են կանխել կատաստրոֆան և դրա համար լուրջ ջանքեր են գործադրում՝ ինչպես, օրինակ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին փոխելու գործընթացը, որն իրակնացվում է Ղուկաս Մեհրաբյանի և Պետրոս Գևորգյանի միջոցով, միևնույն է՝ պրոցեսներն այնքան սրընթաց են գնում, որ անհավանական է դրանք կասեցնելը: «Հրապարակ»-ը գրում է, որ ՀԱԿ-ում սպասվելիք պայթյունն անխուսափելի է դարձել՝ ՀԱԿ անդամների մի մասը դուրս է եկել կառույցից, մյուս մասը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի «գծի» հետ, և մի փոքրիկ հատված միայն մնացել է և փորձում է ցույց տալ, թե ոչինչ չի պատահել:
Եվ մի նոր երևույթ է նկատվում, հավատարիմների թիմում լուրջ ամբիցիաներ են սկսել դրսևորվել: Նրանց թվում է Գագիկ Ջհանգիրյանը: Չնայած այն հանգամանքին, որ Օսկանյանի հետ գաղտնալսված հայտնի զրույցի ժամանակ Լևոն Զուրաբյանն ասում է, որ Ջհանգիրյանը «մեր գծի մեջ է», այնուհանդերձ, «Հրապարակի» ՀԱԿ աղբյուրները տեղեկացնում են, որ այս օրերին, երբ Տեր-Պետրոսյանի և Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել «նյութատեխնիկական» խնդիրների պատճառով, իսկ ՀԱԿ որոշ կուսակցություններ պահանջում են նրա հրաժարականը, Ջհանգիրյանը ջանք ու եռանդ չի խնայում Տեր-Պետրոսյանին ապացուցելու, որ «այդ Խաչիկյանն ինքն է», և որ ինքն է նրա ամենանվիրված զինակիցը:
Ջհանգիրյանը մտադիր է Զուրաբյանին անվստահություն հայտնելու դեպքում դառնալ ՀԱԿ Աժ ֆրակցիայի նախագահ, իսկ Լյուդմիլա Սարգսյանին դարձնել ֆրակցիայի քարտուղար՝ Արամ Մանուկյանի փոխարեն, այս վերջին կոնֆիգուրացիան էլ պայմանավորված է լինելու ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու, ՀՀՇ-ն նրա մեջ տարրալուծելու հաշվարկով: Իսկ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որին մասնակցելու համար ՀԱԿ-ն այլևս ռեսուրսներ չունի:











































