Եվրոպացի կենսաբաններն առաջին անգամ կարողացել են ցույց տալ, որ շներն իսկապես լավ են հասկանում մարդկային հույզերը և կարողանում են մասնակից լինել տիրոջ ապրումներին՝ տարբերելով մարդկանց դեմքերի չար և ուրախ արտահայտությունները: Այս մասին ասվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
«Երևում է՝ նրանք հասկանում են, որ այդ արտահայտությունները տարբեր նշանակություն ունեն, և նրանք կարողանում են դա տարբերել ոչ միայն այն մարդկանց դեպքում, որոնց լավ ճանաչում են, այլև նրանց, ում նախկինում չեն տեսել: Մենք դեռ չգիտենք՝ այդ հույզերն իրականում ինչ են նշանակում շների համար:
Այնուամենայնիվ, մենք կարծում ենք՝ նրանք ուրախ դեմքերն ասոցացնում են դրական երևույթների հետ, չարերը՝ բացասական ֆենոմենների հետ»,- ասել Լյուդվիգ Հուբերը Վիեննայի անասնաբուժական համալսարանից:
Հուբերը և նրա գործընկերներն այդ երևույթը բացահայտել են յուրահատուկ փորձի ընթացքում, որի շրջանակներում շները պետք է հիշեին մարդկանց դեմքերը, հետո նրանց ընտրեին սենսորային դիսփլեյով՝ ուտելիք ստանալու համար:
Փորձի յուրաքանչյուր փուլում էկրանին երևացել են նույն մարդու դեմքի կեսի երկուական լուսանկար, որոնցում չեն երևացել կամ շուրթերը, կամ մարմնի վերին մասերը, որոնք հեշտությամբ ցույց են տալիս հույզերը: Շունը պետք է հիշեր այդ դեմքերը և դրանց արտահայտած հույզերը, հետո քթով հպվելով էկրանի կեսերից մեկին՝ ընտրեր չար կամ բարի դեմքը: Ամեն անգամ, երբ կենդանին «ճիշտ» հույզն է ընտրել, համակարգիչը նրան ուտելիք է տվել:
Ճիշտ պատասխանների թիվը կազմել է միջինը 65-80%՝ կախված նրանից, թե դեմքի որ մասն են նրանց ցույց տվել գիտնականները:
Հետաքրքիր է, որ շները նկատելիորեն ավելի դանդաղ են սովորել այդ «էմոցիոնալ վիկտորինան» խաղալ, եթե որպես ճիշտ պատասխան միշտ չար դեմքն է եղել: Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ շները կարող են չար դեմքերն ասոցացնել տհաճ իրադարձությունների կամ իրերի հետ, որոնցից պետք է խուսափել:











































