ԱՄՆ Ալաբամա նահանգում դպրոցական ավտոբուսի վարորդին սպանած և 6-ամյա մի տղայի առևանգած թոշակառու հրաձիգը խոստացել է չսպանել տղային: Ներկայում Միդլենդ սիթիում գտնվող բունկերը, որում փակվել է 65-ամյա Ջիմի Լի Դայքսը, շրջափակված է ոստիկաններով: Associated Press-ի փոխանցմամբ՝ անցկացվում են բանակցություններ:
Դեպքը տեղի էր ունեցել երեկ: Անհայտ տարեց տղամարդը դպրոցական ավտոբուսի վարորդից պահանջել էր իր հետ դուրս թողնել երկու երեխայի: Պահանջը չկատարելու պատճառով նա կրակ էր արձակել ատրճանակից: Ստացած հրազենային վնասվածքներից վարորդը տեղում մահացել է: Այնուհետև Դայքսը իր հետ վերցրել է մի տղայի ու թաքնվել բունկերում, որը կառուցված է նրա տան հետնամասում: Հանցագործը ոչ մի պահանջ չի ներկայացրել:
Ոստիկանությունը պարզել է, որ երեխային առևանգողը կրկնահանցագործ է, որը ներկայում գտնվում է քննության տակ: Այսօր նա պետք է դատարանի առջև կանգներ նահանգի բնակիչներից մեկի և նրա դստեր դեմ ուղղված ֆիզիկական վրեժխնդրության սպառնալիքի համար:
Հանցագործության իրականացման պահին ավտոբուսում եղել է 15 երեխա: Դեպքի պատճառով Միդլենդ սիթիի բոլոր դպրոցներում պարապմունքները դադարեցվել են:




































