Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է 400 միլիոն դոլար փոխանցել Պաղեստինի ինքնավարությանը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով կառավարության ղեկավարի գրասենյակի աղբյուրին, Նեթանյահուն նման որոշում է կայացրել ինքնավարության տնտեսական բարդությունները թեթևացնելու համար:
Մաքսերից և հարկերից ստացված գումարը կփոխանցվի միաժամանակ:
Նշենք, որ երկուշաբթի Նեթանյահուն հանդիպել է միջազգային միջնոդների քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) ներկայացուցիչ Թոնի Բլերի հետ: Հանդիպմանը խոսվել է իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացի վերսկսման, մասնավորապես՝ պաղեստինցիներին դրամական միջոցների փոխանցման, Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության մասին:
Նեթանյահուի նման որոշումից հետո շշուկներ են տարածվել այն մասին, որ վարչապետի քայլը դարձել է «բարի կամքի առաջին ժեստը» պաղեստինցների հանդեպ, միջոցառում` ուղղված «դրական մթնոլորտի» ստեղծմանը նախատեսվող ընտրություններում:
Սակայն Իսրայելի կառավարական աղբյուրները հերքում են այս կարծիքը:








































