Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է վերանորոգել Սամանդաղի (Հաթայի/Ալեքսանդրեթի նահանգ) Յողունոլուք գյուղի (Մուսա լեռան մոտակայքի) հայկական եկեղեցին: Այս մասին ասվում է Թուրքիայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ:
Թուրքիայի կառավարությունը որոշ պաշտոնական տվյալներ է հրապարակել նախկին տարիներին պետության կողմից խլված գույքը ազգային/կրոնական փոքրամասնություններին վերադարձնելու գործընթացի վիճակագրության վերաբերյալ: Հրապարակման մեջ խոսվում է նաև այլ քայլերի մասին, որոնք ծառայել են ի շահ փոքրամասնությունների:
Այսպես, 2008-ից ի վեր թուրքական պետությունն իրենց օրինական տերերին է վերադարձրել 1014 տարածք ու շինություն, որոնք պատկանել են փոքրամասնությունների հիմնադրամներին, սակայն տարբեր տարիների անցել Թուրքիային: Ներկայում շարունակվում է ևս 150 անշարժ գույքի վերադարձման աշխատանքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այժմ Թուրքիայում գործում է փոքրամասնություններին պատկանող 165 հիմնադրամ: Դրանցից 76-ը պատկանում են հույներին, 53-ը՝ հայերին, 19-ը՝ հրեաներին, 10-ը՝ ասորիներին, 3-ը՝ քելդանիներին, 2-ը՝ բուլղարներին, 1-ական՝ վրացիներին և մարոնի համայնքին:
Նշենք, որ 2011-ին Թուրքիայի կառավարութունը ժամանակավոր որոշում է ընդունել, որը նախատեսում է անցած տասնամյակներին (Թուրքիայի հանրապետական շրջանում) պետության կողմից խլված կամ պետությանն անցած կրոնական փոքրամասնությունների գույքի վերադարձ։ Թեև այս որոշմամբ որոշակի գույք, տարածք ու շինություններ են վերադարձվել փոքրամասնություններին, սակայն նախկինում վերջիններիս պատկանած անշարժ գույքի զգալի հատվածը դեռևս կամ պետության, կամ մասնավոր հատվածի տրամադրության տակ է, իսկ վերջիններս չեն շտապում վերադարձնել այն:











































