Գերհարդ Ռիխտերի «Աբստրակտ կերպար» (Abstractes Bild, 599, 1986) գործը դարձել է երեքշաբթի օրը Լոնդոնում անցկացված Sotheby’s-ի ժամանակակից արվեստի աճուրդի ամենաթանկարժեք նկարը: Կտավը վաճառվել է 30.4 մլն ֆունտ (463 մլն դոլար)՝ հայտնում է TASS-ը:
Գերմանացի ամենաթանկարժեք ժամանակակից նկարիչ համարվող Ռիխտերի նկարի նախնական արժեքը կազմել է 14-20 մլն ֆունտ (21.3-30.4 մլն դոլար):
Աճուրդի մեկ այլ թոփ-լոտ՝ էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Ինքնանկարի երկու էսքիզ» (Two Studies for Self-Portrait, 1977) գործը վաճառվել է 14.7 մլն ֆունտով (22.4 մլն դոլար). նախնական արժեքը գնահատվել է 13-18 մլն ֆունտ (19.8-27.4 մլն դոլար):
Լյուչիո Ֆոնտանայի 1965թ. «Տարածության հասկացություն. Սպասում» գործը վաճառվել է 8.4 մլն ֆունտով. նախնական արժեքը 5-7 մլն ֆունտ ստերլինգ էր: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Գնորդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Էնդի Ուորհոլի «4 տարբեր գույների Մերիլինը» նկարը, որի նախնական արժեքը եղել է 2.5-3.5 մլն ֆունտ (3.8-5.3 մլն դոլար): Այն վաճառվել է 3.3 մլն ֆունտով (5 մլն դոլար):
Ժամանակակից և հետպատերազմյան արվեստի շաբաթվա շրջանակներում երեկոյան աճուրդները Sotheby’s-ին բերել են ավելի քան 123.5 մլն ֆունտ ստերլինգ:
Sotheby’s-ն աճուրդը կշարունակի չորեքշաբթի ցերեկը: Այդ օրը նրան կմիանա Christie’s աճուրդի տունը, որը ևս փետրվարի 11-12-ը վաճառքի է հանել Գերհարդ Ռիխտերի, Էնդի Ուորհոլի, Լյուչիո Ֆոնտանայի և այլոց գործերը:
Bonhams տունը հետպատերազմյան և ժամանակակից արվեստի գործերի իր աճուրդը կսկսի փետրվարի 12-ին:









































