Օհայո նահանգի Ուիքլիֆ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է փոքրահասակ դպրոցականի, որը կասկածվում է երեխայի սպանության մեջ: Նախնական տվյալներով՝ աղջիկը մահացու գանգուղեղային վնասվածք է հասցրել երկուամսական Զուրի Ուայթհեդին, որին որպես դայակ խնամել է կասկածյալի մայրը: Այս մասին հայտնում է BuzzFeed News-ը՝ հղում անելով Ուիքլիֆի ոստիկանության դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը 39-ամյա կնոջ տանը, որտեղ նա ապրում է իր աղջկա հետ: Այդ օրը կինը խնամել է իր ընկերուհու նորածին դստերը, ասվում է հաղորդագրության մեջ:
Դայակի խոսքով՝ ժամը 3:00-ին ինքը բազմոցին քնել է Զուրի Ուայթհեդի հետ: Իսկ կնոջ 11-ամյա աղջիկը քնած է եղել նրանց կողքին՝ բազմոցի մյուս ծայրին: Մոտ 45 րոպե հետո դպրոցականը մորն արթնացրել է և հայտնել, որ փոքրիկի հետ ինչ-որ բան այն չէ: Նորածինն ուժեղ ծեծված է եղել, նրա գլուխն ուռել է հեմատոմայից:
Դայակը զանգել է «911», և Զուրիին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա փետրվարի 6-ի առավոտյան մահացել է:
Դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ մահվան պատճառ են դարձել գլխի և իրանի բազմաթիվ վնասվածքները, գրում է BuzzFeed News-ը:
Ոստիկանապետ Ռենդի Այսայի խոսքով՝ սպանության պատճառ կարող էր լինել Թրինա Ուայթհեդի «կյանքը հեշտացնելու» ցանկությունը, որը չորրոդ երեխան է ունեցել:
Ձերբակալվածը զղջացել է իր արածի համար: Բայց ոստիկանությունում վստահ չեն, որ նա լիովին գիտացել է իր արարքի ծանրությունը:
Ավելի վաղ աղջիկը ոստիկանության տեսադաշտում է հայտնվել իր հասակակցի հետ վեճի պատճառով, որի պատճառով դպրոց են կանչվել ոստիկաններ: Սակայն այդ դեպքը կապված չի եղել բռնության կիրառման հետ:
Ներկայումս աղջիկը ձերբակալված է առանց գրավի դիմաց ազատվելու իրավունքի: Նա պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի:









































