Չինաստանի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննության արդյունքներով Qualcomm սմարթֆոնների համար պրոցեսորի աշխարհում խոշորագույն արտադրողին տուգանել է երկրի պատմության մեջ ռեկորդային՝ 6.09 մլրդ յուանով (ավելի քան 993 մլն դոլար): Այս մասին երեքշաբթի օրը հայտնում է TASS-ը՝ հղում անելով Չինաստանի Զարգացման և բարեփոխումների հարցերով պետական կոմիտեին:
«Զարգացման և բարեփոխումների հարցերով պետական կոմիտեն համապատասխան օրենքներով պատիժ է սահմանում Qualcomm ընկերության նկատմամբ՝ գերիշխող դիրքը չարաշահելու միջոցով շուկայում մրցակցությունը վերացնող կամ սահմանափակող մենաշնորհային գործողությունների համար: Qualcomm ընկերությունը պարտավոր է վերջ տալ համապատասխան անօրինական գործողություններին և վճարել տուգանք չինական շուկայում 2013թ. իր վաճառքից ստացած 8%-ը՝ 6.088 մլրդ յուանի չափով»,- ասվում է պետական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 2013թ. նոյեմբերին Qualcomm-ի նկատմամբ սկսված հակամենաշնորհային հետաքննության ընթացքում պարզել է, որ ընկերությունը մենաշնորհային բարձր գներ է սահմանել իր արտադրանքի համար, անհիմն կերպով բարձրացրել է իր պատենտների օգտագործման համար վճարները, ոչ պարտադիր պայմաններ է պարտադրել իր արտադրանքի վաճառքի մասին պայմանագրերի կնքման ժամանակ:
2013 ֆինանսական տարում ընկերության վաճառքը կազմել է 24.9 մլրդ դոլար, որի մոտ 49%-ը բաժին է հասել Չինաստանին:





































