HSBC բանկին, որի շվեյցարական մասնաճյուղը ենթադրաբար լվացել է բռնապետերի, թմրակարտելների և զենքի առևտուր իրականացնողների փողերը, նոր հետաքննություններ են սպառնում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Ինչպես հիշեցնում է թերթը, բանկը ստիպված է եղել խոստովանել, որ իր շվեյցարական մասնաճյուղը կարող էր սպասարկել հարկերի վճարումից խուսափած անձանց հաշիվները, և որ ավելի քան 100 հազար հաճախորդների տվյալներ հայտնվել են ԶԼՄ-ներում։
Հարկերի հարցերով բրիտանական գանձնապետարանի նախարար Դևիս Գաուկը հայտարարել է, որ այդ տեղեկությունները ֆրանսիական իշխանությունների կողմից տրամադրվել էին հարկերի և մաքսատուրքերի բրիտանական նախարարությանը 2010 թվականին՝ շատ խիստ պայմաններով. գերատեսչությանը չէր թույլատրվել այդ տեղեկությունը փոխանցել այլ իրավապահ մարմինների։ Արդյունքում նախարարությունը չի կարողացել պատասխանատվության ենթարկել պոտենցիալ խախտումների համար պատասխանատու անձանց։ Այժմ Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են, որ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի գերատեսչությունը հնարավորություն ստանա լիարժեք ծավալով կիրառելու նշված տեղեկությունները։
Բրիտանական աղբյուրները փոխանցում են, որ բանկի դեմ քրեական հետաքննություն սկսելու մասին որոշում ներկայումս ընդունված չէ։ Բանկը հայտարարել է, որ կհամագործակցի համապատասխան բոլոր մարմինների հետ։
Իր հերթին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է վերանայել գործարքը, որը պաշտպանում է HSBC-ին պատժից՝ փողերի լվացման ոլորտում օրենսդրությունը նախկինում չպահպանելու համար։ 2012-ին բանկը համաձայնել էր 1.9 մլրդ դոլար վճարել և համաձայնագիր կնքել դատական հետապնդումը հետաձգելու մասին։









































