Թուրքական ռազմավարական հետազոտությունների կենտրոններից մեկի անցկացրած ուսումնասիրությունը պարզել է, որ հայկական սփյուռքը կտրականապես դեմ է հայ-թուրքական բարեկամությանը և չի ընդունում թուրքերի հանդեպ բարյացակամ վերաբերմունք ունեցող հայերին: Հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
«Էրջիյես» համալսարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և նույն համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության բաժնի փորձագետ Օզեր Օզոջաքի կողմից պատրաստվել է «Սփյուռք հասկացությունն ու հայկական սփյուռքը» խորագիրը կրող մի ուսումնասիրություն: Դրանում, մասնավորապես, ասված է հետևյալը.
«1965 թվականին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում և Ամերիկա, Եվրոպա ու Ասիա աշխարհամասերի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններն աշխարհի ուշադրությունը բևեռեցին սփյուռք հասկացության վրա: Սկսվեց Թուրքիայի դեմ մի քարոզչական արշավ, որ պնդում էր, թե 1915 թվականին և դրան հաջորդած դեպքերի ընթացքում հայերի ոչնչացում է տեղի ունեցել:
1965 թվականից մինչև 2000-ականների սկզբները Թուրքիային միջազգային հարթակում մեկուսացնելու նպատակով ԱՄՆ-ի նման ազդեցիկ երկրներում քարոզչական աշխատանք էր ընթանում, փորձ էր արվում տարբեր միջոցառումներով աշխարհի ազգերին թուրքերի դեմ տրամադրել: Այդ գործողությունները հատկապես ակտիվ էին, երբ Թուրքիան արտաքին ու ներքին առումով թույլ էր»:
Այսպիսի ներածական նկարագրությունից հետո ուսումնասիրությունը հանգում է մի եզրակացության, թե «2015 թվականին էլ հայկական լոբբիստական կառույցները դեմ են պատմական արմատներ ունեցող հայ-թուրքական բարեկամությանը և ջանում են ստվերել այն փաստը, որ կան հայեր, որոնց համար թուրքերը բարեկամներ են»:
Ընդգծելով, որ Օսմանյան կայսության նախկին ժողովուրդների սփյուռքյան լոբբիների՝ Թուրքիայի դեմ ուղղված գործողությունների չեզոքացումը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական առաջնահերթություններից է՝ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետը եզրափակում է. «Բոլորս էլ մի մեծ քաղաքակրթության ժառանգներն ենք, և ինչ պատճառով էլ որ գաղթ տեղի ունեցած լինի, չպետք է մոռանանք, որ գաղթի ենթարկվածներն էլ էին մարդ»:
Նշենք, որ թուրքական պաշտոնական շրջանակները փորձում են մշտապես տարանջատել Սփյուռքն ու Հայաստանը, ինչն արտահայտվում է տարատիպ հայտարարություններում, վերլուծություններում և հոդվածներով: Տարանջատելով մեկ միասնություն կազմող հայ ժողովրդին՝ Թուրքիան փորձում է լուծել սեփական խնդիրները:









































