Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում որևէ մեկը չպետք է ծեծվի իր գործունեության համար: Օսկանյանը մասնակցել է իր կուսակից ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնությունը դատապարտող և բացահայտում պահանջող բողոքի ակցիային, որ իրականացրել է ԲՀԿ-ն:
Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իշխանությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին: Դիպուկ գնահատական է, անվիճելի: Վիճելին երևի թե պատերազմի հայտարարման ժամկետներն են, որովհետև, մեղմ ասած, հիմքեր կան պնդելու, որ ժողովրդին պատերազմ հայտարարվել է շատ վաղուց և ժողովրդի դեմ պատերազմի շրջանակում տեղի ունեցած հաղթական ճակատամարտեր իշխանություններն արձանագրել են դեռ այն տարիներին, երբ Վարդան Օսկանյանը հանդիսանում էր նույն այդ իշխանության ներկայացուցիչ:
Օրինակ` 2003 թվականի ապրիլին Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը զուգահեռ Մատենադարանի մատույցներում բռնություն էր կիրառվում այն քաղաքացիների հանդեպ, ովքեր բողոքում էին նախագահի ընտրության արդյունքի կեղծումից: Մեկ տարի հետո` 2004 թվականի ապրիլին, Բաղրամյան պողոտայում Սահմանադրական դատարանի որոշման կատարում պահանջող քաղաքացիները ենթարկվեցին շուրջկալ օպերացիայի և դաժանորեն ծեծվեցին, հետո հաջորդ օրը ոստիկանները ասպատակեցին ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները, ավիրեցին գույքը, ձերբակալեցին և ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների ենթարկեցին կուսակցական ակտիվիստների, իսկ այսօր Վարդան Օսկանյանի հետ միևնույն խմբակցությունում գտնվող ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանն էլ այն ժամանակ գերազանց է գնահատել ոստիկանական օպերացիայի պրոֆեսիոնալիզմը:
Վարդան Օսկանյանի այն ժամանակ դերակատարման և արձագանքի հիշարժան դրվագներ կարծեք թե չկային, նա ընդամենը ճակատամարտը շահած իշխանության արտգործնախարարն էր: Իսկ ահա հաջորդ խոշոր ճակատամարտում՝ 2008 թվականի մարտի 1-ին, Վարդան Օսկանյանը գլխավոր գործող անձանցից էր, և նա էր, ըստ էության, դարձել առավոտյան խաղաղ ցույցը դաժանորեն ցրած իշխանությունների խոսնակը, որոնք երեկոյան արդեն պետք է անցնեին սպանությունների: Ի վերջո, տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն, և սպանվեցին տասը անմեղ քաղաքացիներ, որոնք տասը օր շարունակ առանց որևէ ճյուղ կոտրելու խաղաղ ցույցով իրենց բողոքի ձայնն էին հնչեցնում Ազատության հրապարակում, մինչև որ լուսաբացին իշխանությունը գրոհեց ժողովրդին:
Այսպիսով, բոլոր հիմքերը կան արձանագրելու, որ պատերազմը հայտարարվել է վաղուց, դեռ այն ժամանակ, երբ Վարդան Օսկանյանն ինքը իշխանության, այսինքն` պատերազմ հայտարարողների շարքերում էր: Սակայն խնդիրը բոլորովին էլ Վարդան Օսկանյանը չէ: Հայաստանի իշխանական համակարգում նա անկասկած բացարձակապես ամենավտանգավորը չի եղել և երևի թե ընդհանրապես վտանգավոր չի եղել, այլ միգուցե ինքն էլ եղել է համակարգային հանգամանքների զոհը, թեև կարծեք թե դիմադրել այդ համակարգին սկսել է միայն իշխանությունը թողնելուց հետո:
Սակայն անգամ ներկայիս դիմադրության պայմաններում Վարդան Օսկանյանը կամ նրա քաղաքական ուժը ոչ միայն հասարակությանը հանգամանալից և հստակ բացատրություն չեն տվել Մարտի 1-ին իրենց գործողությունների մասին՝ ԲՀԿ-ն էլ եղել է խորհրդարանական կոալիցիայում, խորհրդարանական մեծամասնության կազմում, որը ըստ էության հավանության է արժանացրել ուժի կիրառումը ցուցարարների դեմ, այլ նաև առ այսօր չեն վերանայել իրենց մոտեցումներն ու գնահատական չեն տվել Մարտի 1-ի ոճրագործությանը: Սակայն, կրկնում ենք, խնդիրը բոլորովին առանձին վերցրած անձը կամ սուբյեկտը չէ, այլ երևույթը՝ Հայաստանում իրավիճակի գնահատման սկզբունքային նշաձողերի բացակայությունը, ինչն էլ արժեզրկում է քաղաքականություն երևույթը և դրանում անընդհատ պարարտ հող ստեղծում բռնությունը որպես գործիք կիրառելու համար:
Հայաստանի քաղաքական, հանրային կյանքի մասնակից սուբյեկտների ճնշող մեծամասնությունը երևույթները և իրադարձությունները գնահատում է կուսակցական, խմբակային քաղաքական շահերի պրիզմայով: Այդ մասին երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին նույնիսկ Վարդան Օսկանյանի քաղաքական գործընկեր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանն է հայտարարել` ասելով, որ եթե երկու ամիս առաջ դրսևորեին բողոքի կոշտ վերաբերմունք, ապա ԲՀԿ-ականի հանդեպ բռնությունը միգուցե չէր լինի: Երկու ամիս առաջ գիշերը իր տան շքամուտքի մոտ բռնության էր ենթարկվել Արամ Մանուկյանը, բայց կարծեք թե քաղաքական գործընկերները «պատերազմի» մասին հայտարարություններ ու բողոքի ակցիաներ չկազմակերպեցին: Արամ Մանուկյանն ամենայն հավանականությամբ հենց դա էլ ակնարկում է:
Եվ այստեղ էլ խնդիրը Մանուկյանը չէ, այլ երևույթի դրսևորումը՝ ամեն ինչին, այդ թվում` միանշանակորեն մերժելի, դատապարտելի, սկզբունքորեն անընդունելի բռնություն երևույթին կուսակցական նպատակահարմարության պրիզմայով մոտենալը: Բռնության մշակույթը առաջանում է հենց դրանից, երբ հարկ եղած դեպքում կլռեն, կխոսեն` երբ պետք է, որևէ բռնության կարձագանքեն հաշվարկելուց հետո միայն, թե ինչքանով է նպատակահարմար արձագանքը, թե ինչ արձագանք է նպատակահարմար: Հենց այդ մոտեցումներն են, որ քաղաքական կյանքում դեռևս երկու տասնամյակ առաջ ներդրված գործիքը՝ բռնությունը, առ այսօր շարունակում է իր կիրառումը: Որովհետև այդ կյանքում ներգրավված սուբյեկտների գերակշռող մեծամասնությունը գործիքի կիրառմանը արձագանքել են ըստ նպատակահարմարության, ընտրովի: Մինչդեռ արձագանքը պետք է ունենա մեկ, բացառիկ ուղենիշ՝ սկզբունք և արժեք, որով պետք է մեկընդմիշտ մերժվի ցանկացած բռնություն` անկախ դրան ենթարկված անձի սոցիալական, կուսակցական, կրոնական կամ որևէ այլ պատկանելությունից:
Վերջիվերջո, քաղաքականությունը որպես երևույթ չի բաժանվում անցյալի, ներկայի և ապագայի, չունի վաղեմության ժամկետներ, այն շարունակվող ընթացք է, և որևէ իրադարձություն չունի վաղեմության ժամկետ, ինչպես որ երբեք էլ ուշ չէ վերագնահատել իրադարձությունները:
Լուսանկարը՝ Photolure-ի







































