Business Insider պարբերականը հետևել է սոցցանցերից օգտվողների ամսական լսարաններին, օգտատերերի ակտիվությունը կապել սոցցանցից օգտվելու բարդության հետ և անդրադարձել Apple-ի հետ Twitter-ի մեծ ինտեգրման գործընթացին։
Ունենալով 300 մլն գրանցված օգտատեր՝ Twitter միկրոբլոգների ցանցի ամսական լսարանը կազմում է մոտ 25 մլն, մինչդեռ Facebook-ից օգտվում է ամսական 600 մլն մարդ։ Գլխավոր խնդիրն այն է, որ Twitter-ը բարդ է։ Այս շաբաթ միկրոբլոգների ցանցը մեծ քայլ է կատարել խնդիրը շտկելու ուղղությամբ։ Apple-ը հայտարարել է իր iOS օպերացիոն հարթակում Twitter-ի ինտեգրման մասին։
Պարբերականն այս առնչությամբ Twitter-ի «մեծ հերոս» է որակել ինժեներային մենեջեր Րաֆֆի Գրիգորյանին։ Նշվում է, որ նա վերջին 8 ամիսներին սոցցանցի ինժեներների թիմին առաջնորդել է ինտեգրման գործընթացում։
Րաֆֆին միկրոբլոգների ցանցում աշխատում է 2009 թվականից։ Մինչ այդ նա եղել է WattzOn ընկերության համահիմնադիր։ Business Week-ը 2008-ին WattzOn-ը համարել է տարվա լավագույն գաղափար։ Պարբերականն այն նկարագրել էր հետևյալ կերպ՝ «հեշտ գործածվող վեբ գործիք, որը թույլ է տալիս անհատներին հաշվել իրենց էներգիայի ընդհանուր սպառումը՝ հարցերի պատասխանելով»։











































