Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ մեդալ և պատվավոր անդամի կոչում, իսկ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի և անձեռնմխելիության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
«Վրաստան և Ռուսաստան. հումանիտար իրավիճակը հակամարտության և պատերազմի արդյունքում տուժած տարածքներում» հարցի քննարկմանը ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում արծարծել նաև Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերագործարկման հարցը, որն արդեն 20 տարի է՝ չի շահագործվում: Նա ընդգծել է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող երկաթգծի շահագործումը կնպաստի քաղաքական, տնտեսական և մարդասիրական խնդիրների կարգավորմանը:
Քննարկվել են «Ադրբեջանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» և «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը» զեկույցները, որոնցից առաջինն ընդունվել է:
Զեկույցները, ինչպես տեղեկացրել է Դավիթ Հարությունյանը, համապատասխանաբար մշակել են մոնիտորինգի և իրավական հարցերի հանձնաժողովները: «Ադրբեջանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակության անդամներն ունեցել են չորս ելույթ, ներկայացրել պատվիրակության դիրքորոշումները: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն անդրադարձել է մոնիտորիգի հանձնաժողովի երկու զեկուցողների նախապատրաստած նյութին, որում ակնհայտ զգացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի փաստարկների օգտագործումը: Դավիթ Հարությունյանը նկատել է, որ նրանք դիտավորյալ աղավաղել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության անվանումը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե խնդիրը վերաբերում է, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճին: Քանի որ զեկույցում չեն ներառվել հայկական կողմի առաջարկները, ուստի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրել են հատուկ կարծիք, որը, որպես հավելված, կցվել է զեկույցին:
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հղում կատարելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված զեկույցներին, նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողների ներկայացրած զեկույցը չի արտացոլում ադրբեջանական իրականությունը:
Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցում տեղ գտած սխալներին և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին: Արմեն Ռուստամյանը խոսել է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ իր ելույթը ևս վերաբերել է «Ադրբեջանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցին: Նա նկատեց, որ համազեկուցողները որևէ կերպ անդրադարձ չէին կատարել ինչպես Սաֆարովի աղմկահարույց գործին, որը քննարկվել էր նաև ԵԽԽՎ -ում և արժանացել շատ խիստ գնահատականների, այնպես էլ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցներին, որտեղ խոսվում է հայատյացության սերմանման մասին:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր:
Պատվիրակության անդամները պատասխանել են նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին:









































