Չինաստանը դեռևս շատ բան պետք է անի հակահրթիռային պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու համար, չնայած երկրորդ հակահրթիռի հաջող փորձարկմանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կարծիք է հայտնել ռազմական հարցերով չինացի մասնագետ Լան Յունը:
Լանի խոսքերով՝ Չինաստանը դեռևս հեռու է հակահրթիռայաին պաշտպանության արդյունավետ գործող համակարգ ստեղծելուց, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն արդեն իրականացրել է նման առնվազն 16 փորձարկում, իսկ Չինաստանը՝ միայն 2-ը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը նույնպես հեռու է կատարյալ լինելուց:
«Նախնական փորձարկումները նախատեսված են որսալու սեփական հնարավորությունները ցուցադրելու համար: Միևնույն ժամանակ, ամբողջական համակարգը պետք է ներառի ոչ միայն ցամաքային ռադարներ և հրթիռարձակման սարք, այլև՝ լրտեսման արբանյակային համակարգ, ծովային տեղակայման ռադարային համակարգ, ինչպես նաև՝ հրամանատարական և վերահսկիչ կենտրոններ»,- մեկնաբանել է նա:
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ավագ գնդապետ Շաո Յունլինն իր հերթին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ներկայիս փորձարկումների տեխնիկական մակարդակն ավելի բարձր է, քան հեռահար և միջին շառավղով գործունեության հրթիռներ որսալու դեպքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանը բարեհաջող փորձարկել է հակահրթիռ, որը նախատեսված է բալիստիկ հրթիռներ որսալու համար:










































