Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվներում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են բիծ թողնել Թուրքիայի պատմության վրա: Այս մասին գրում է թուրքական «Օրթադողու» թերթը:
«Նրանք, ովքեր ասում են, թե ցեղասպանություն է եղել՝ կամ այդ մասին որևէ բան չգիտեն, կամ ուղղակի դավաճան են: Հայկական հարցի վերաբերյալ արխիվներում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնց համար Թուրքիան կարող է ամոթ զգալ:
Հայկական պնդումների դեմ արդյունավետ պայքարելու համար հարկավոր է խորհրդականների հանձնաժողով ստեղծել, բայց, որը չպիտի գլխավորեն Էթյեն Մահչուփյանի (Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական.- խմբ.) պես մարդիկ: Բացի այդ, Հալիլ Բերքթայի (թուրք պատմաբան.- խմբ.) նմանները, որոնք դուրս են եկել պետության դեմ և պաշտպանում են ցեղասպանության փաստը, իրավունք չունեն ընդգրկվել այդ հանձնաժողովում»,- ասել է թուրք պատգամավորը:
«1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Պետք է հերքենք հայկական և նրանց աջակցող օտար ուժերի պնդումները, որից հետո ցեղասպանության մասին խոսելը դատարկաբանություն կհամարվի»,- եզրափակել է Հալաչօղլուն։
Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի սկզբներին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նամակով դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»: Ապրիլի 25-ին Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին, որում, մասնավորապես, ասվում էր. «Կառավարությունների պատասխանատվությունն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին։ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»։
Հետագայում թուրքական իշխանությունները մշտապես հիշում են «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման առաջարկը: Հետաքրքրական է, որ մինչ Էրդողանի՝ 2005-ի այդ նամակը հասներ Երևան, այն արդեն տարածվել էր ԱՄՆ օրենսդիր մարմիններում և տարբեր լրատվամիջոցներում:









































