ՀՀ ոստիկանությունն այլևս հնարավորություն չի ունենա բյուջեն համալրել` վարորդներին տուգանելով պետհամարանիշի վրա եռագույն դրոշը փակցնելու համար: Պարզվում է, ըստ ոստիկանության, եռագույնը մեքենայի համարանիշին ունենալը վարչական իրավախախտում է, որի համար վարորդին պետք է տուգանել 10 հազար դրամ:
Հունվարի 23-ին վարչական դատարանը` դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ, բավարարել է քաղաքացի Վահագն Վարագյանի դիմումը, ով դատարանում վիճարկել է իրեն տուգանելու ոստիկանության որոշումը: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Կոմիտաս փողոցում ավտոտեսուչը կանգնեցրել է նրա մեքենան և արձանագրել վարչական օրենսգրքի 123 հոդվածի պրիմ 5 հոդվածի խախտում` տուգանելով 10 հազար դրամի չափով: «ՀՀ օրենսդրության մեջ որևէ տեսակի արգելք չկա, որը քաղաքացուն արգելի եռագույն դրոշ ունենալ պետհամարանիշի վրա»,- «Առաջին լրատվական»-ին ասաց պաշտպան Արմինե Ստեփանյանը` հավելելով, որ պետհամարանիշը համապատասխանել է ստանդարտին. ինքնաշեն չի եղել և բավական ընթեռնելի է եղել:
Պաշտպանի խոսքերով` այդ հոդվածով այսօր շատերին են տուգանում, սակայն մինչ այժմ ոչ ոք չէր դիմել դատարան: «Մենք առաջինն էինք, որ դիմեցինք և հաղթեցինք: Հիմա սա նախադեպ կլինի վարորդների համար, որ չվճարեն: Էստեղ առկա է օրենքի չիմացություն և ոստիկանի կողմից օրենքը ճիշտ չկիրառելը»,- ասաց պաշտպանը: Ընդ որում` եռագույնի առկայությունը ՀՀ-ում պարտադիր է բարձրադիր ղեկավարության համար: