Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) չնայած իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն պատրաստ է վճարել իր դեմ հարուցված քրեական գործով 7 դրվագներից 5-ով սահմանված գումարը, որը մոտ 80 միլիոն է կազմում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքերով, սակայն, Հակոբյանը չի ընդունում մյուս երկու դրվագները, որոնցով սահմանվում է մոտ 440 միլիոն դրամ:
«Այդ երկու դրվագով գումարը շատ մեծ է և հիմնավորված չէ: Եվ չնայած մյուս դրվագների պարագայում էլ համաձայն չէ, սակայն շատ զայրացած է և ասում է, որ պատրաստ է վճարել այդ գումարը: Բացի դրանից՝ Հակոբյանը հարկայինի այդ ակտը բողոքարկել է վարչական դատարանում, և դատարանի որոշումից հետո նոր միայն ակնհայտ կդառնա, թե որքանով է նա մեղավոր: Իրենք պնդում են, որ Հակոբյանն իրացրել է այդ ապրանքը և հարկ չի վճարել, բայց Հակոբյանն ասում է՝ թողեք ես մասնակցեմ փորձաքննություններին և ապացուցեմ, որ այդ ապրանքը չի վաճառվել, այլ պահեստում է: Հակոբյանն ունի բոլոր փաստարկները»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանի համար ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հակոբյանին ձերբակալել են այն բանից հետո , երբ վերջինս հունվարի 30-ին բողոք է բերել ՊԵԿ քննչական մարմնի դեմ:
«Հակոբյանը կարծում է, որ այս կալանավորումով և նման ճնշումներով իրեն փորձում են պարտադրել, որ միանգամից վճարի այդ 500 միլիոնը և ոչ թե դատական կարգով վիճարկի հարկայինի ակտն ու սպասի վճռին»,- ասաց Սարդարյանը։
Նրա խոսքերով՝ որքան էլ տարօրինակ է, քննչական մարմինը կալանք չի դրել Հակոբյանի ունեցվածքի վրա: Բայց նման դեպքերում, սովորաբար, անմիջապես կալանք է դրվում ունեցվածքի, գույքի վրա: «Այդ փաստն անգամ Հակոբյանին է զարմացնում»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Ճնշումը բարձրանում է մինչը 220, և բացի դրանից՝ սրտի անոթների խցանման խնդիր ունի: «Դե, քրեակատարողական հիմնարկում ցույց են տալիս համապատասխան բուժօգնություն, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց որդին:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը կալանավորվեց երեկ: Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու մեջ, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:










































