Մեքենաներից հետո առողջության ապահովագրությունն է այսօր դառնում ոլորտի դինամիկ զարգացման հեռանկարը: Ակտիվորեն քննարկվում է նաև գյուղատնտեսության ապահովագրության հարցը, ապահովագրողներից այս ոլորտով հետաքրքրված է «Ինգո Արմենիան»:
Հայաստանում գործող բոլոր ապահովագրական գործակալությունները ներառված են 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն հետաքրքրականն այն է, որ որոշ ընկերություններ 2013թ.-ի համեմատ սկսել են ավելի քիչ հարկեր վճարել: «Ինգո Արմենիան» 2014թ.-ին վճարել է մոտ 352 մլն դրամ, մինչդեռ նախանցած տարի վճարել էր 456 մլն դրամ: «Ռոսգոսստրախ Արմենիան» անցած տարի վճարել է 543 մլն դրամ հարկ՝ 2013թ.-ի 651 մլն դրամի փոխարեն:
Ավելին, «Արմենիա Իշուրանսը» գրեթե կրկնակի քիչ է վճարել. 2014թ.-ին վճարել է 125 մլն դրամ՝ 2013թ.-ի 233 մլն դրամի փոխարեն:
Այնուամենայնիվ, որոշ ապահովագրական գործակալությունների հաջողվել է գերազանցել 2013թ.-ի ցուցանիշները, օրինակ՝ «Նաիրի իշուրանսը» մոտ կրկնակի՝ այս տարի 320 մլն դրամ է վճարել 178 մլն-ի փոխարեն: «Ռեսոն» մոտ 5 միլիոն ավելի է վճարել անցած տարի՝ 458 մլն՝ 405 մլն դրամի փոխարեն:
Ապահովագրական գործակալություններից միայն «Սիլ ինշուրանսն» է պահպանել 2013թ.-ի ցուցանիշը՝ երկու տարիներին միջինացված վճարել է 184 մլն դրամ:
Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրության՝ 2014թ.-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը «Արմենիա Իշուրանսում» գրանցվել է 38 հազար 345 մեքենայի ապահովագրություն, «Ինգո Արմենիա»-ում կնքվել է 102 հազար 372 պայմանագիր, «Նաիրի իշուրանս»-ում՝ 59 հազար 596, «Ռեսո»-ում՝ 55 հազար 516, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում՝ 156 հազար 786, «Սիլ ինշուրանս»-ում՝ 51 հազար 446 պայմանագիր:
Փաստորեն ստացվում է, որ քիչ հարկեր վճարել են ոլորտի համեմատաբար մեծ ծավալներ ունեցող ապահովագրականներ՝ «Ինգո Արմենիան», «Ռոսգոսստրախ Արմենիան»: Այս ընկերությունները 2013թ.-ին ավելի քիչ են մեքենաներ ապահովագրել՝ համապատասխանաբար 82 հազար 450 և 141 հազար պայմանագիր:
Եթե այս երկու ընկերությունների դեպքում հարկերի վճարումը և ապահովագրումը, մեքենաների թիվը հակառակ համեմատական են իրար, ապա «Արմենիա Իշուրանս»-ում, որի վճարած հարկերը գրեթե կիսով չափ նվազել են, 2013թ.-ին 33 հազար 612 պայմանագիր է կնքվել, այսինքն՝ 2014թ.-ին նախորդ ցուցանիշից 4700 պայմանագիր քիչ:
Մյուս կողմից՝ նշենք, որ 2013թ.-ի համեմատ հատուցման ներկայացված դիմումների թիվն ավելացել է՝ «Ինգո Արմենիա»-ի դեպքում 2013թ.-ի 952 դիմումի փոխարեն՝ 2014-ին ներկայացվել է 10 հազար 317 դիմում, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի դեպքում 2026 դիմումի փոխարեն՝ 18 հազար դիմում: Սակայն նշենք, որ դիմումների քանակի ավելացումը չի ենթադրում, որ դրանք բոլորը հատուցվում են, հատկապես այն դեպքում, երբ գումարային հստակ շեմեր են սահմանված:








































