Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Ալի Ուզգյունդուզը և Մուսթաֆա Բալբայը, ինչպես նաև Թուրքիայի նախկին պետնախարար Սադի Սոմունջուօղլուն միացել են, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ԱՍԻՄԴԵՐ) և Ադրբեջանի միջազգային սփյուռքի կենտրոնի՝ Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու պահանջին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
ԺՀԿ-ի պատգամավորները հայտարարել են, որ սույն հարցն արդեն բարձրացրել են խորհրդարանում և կոչ արել Թուրքիայի արտգործնախարարությանը համապատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ուղղությամբ։
Քեմալական կուսակցությունն իր պատմության ողջ ընթացքում հանդես է եկել հայերի դեմ ուղղված քաղաքականությամբ, Հայոց ցեղասպանության հարցում մշտապես ժխտողական դիրքորոշմամբ։ Ընդամենը մի քանի օր առաջ ԺՀԿ-ի երեք պատգամավորներ, որոնք Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի ժամանակ կանգնել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառի հետևում, կոշտ քննադատության արժանացան կուսակցության կողմից։ Անգամ բարձրացվեց նրանց կարգապահական տույժի ենթարկելու հարցը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ հայկական սահմանն ապօրինի հատած ադրբեջանական զինված խմբի անդամներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին մեղավոր են ճանաչվել Արցախի դատարանի կողմից։ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման։











































