Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել վստահության միջոցների հավանական ամրապնդման վերաբերյալ:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներ Իգոր Պոպովը, Իեն Քելին, Ժակ Ֆորը ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահները շարունակում են նախարարների հետ քննարկել խաղաղ գործընթացի առաջխաղացման առաջարկը, որը կողմերին ներկայացվել է 2012 թ. հոկտեմբերին:
Նրանք նաև մտքեր են փոխանակել վստահության ամրապնդմանը նպաստող հնարավոր քայլերի մասին։
Համանախագահները հիշատակել են 2012 թվականի ապրիլի 14-ի և հուլիսի 13-ի իրենց հայտարարությունները և նախարարների հետ քննարկել են դեպի Լեռնային Ղարաբաղ ու Լեռնայից Ղարաբաղից քաղաքացիական չվերթների հարցը։
Արտգործնախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու բանակցությունների շարունակմանը։
Առաջիկա շաբաթների ընթացքում կանցկացվեն նոր քննարկումներ։









































