«Ալ Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորումը ծրագրել է առևանգել Լիբիայում գտնվող գերմանացի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում կատարելով Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայության աղբյուրներին (BND):
Գերմանական հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ «Ալ Քաիդան» ու տարածաշրջանի մյուս ահաբեկչական խմբավորումները հարձակում են նախապատրաստում ԳԴՀ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա:
Գերմանացի հետախուզությունում պնդում են, որ առևանգումը ծրագրում են այն նույն մարդիկ, որոնք մի քանի հարյուր մարդու էին առևանգել Ալժիրի գազային հանքավայրերից մեկում:
BND-ի տեղեկություններով՝ զինյալները Ին-Ամենասի վրա հարձակումից հետո Ալժիրից տեղափոխվել են Լիբիա, որպեսզի շարունակեն ահաբեկչություններն այնտեղ:
Հունվարի 24-ին Գերմանիայի ԱԳՆ-ն իր կայքում նախազգուշացրել է Լիբիա ուղևորությունների մասին: Գերմանական իշխանությունները գերմանացիներին խնդրել են շտապ լքել Բենղազին ու դրա մերձակայքը, ինչպես նաև հրաժարվել Լիբիա ուղևորություններից՝ երկրում ստեղծված անկայուն իրավիճակի հետևանքով:
Իրենց քաղաքացիներին նմանատիպ նախազգուշացումներ են արել Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունները:









































