Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներում հրամանագրերով հետ կվերադարձնի մարտական փորձ ունեցող զինվորական հրամանատարներին, որոնք հեռացվել էին երկրի նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի կողմից։ Այս մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:
Թերթը, վկայակոչելով ռազմական գերատեսչության իր աղբյուրներին, հաղորդում է, որ խոսքն առաջին հերթին Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի զորքերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Մակարովի և 58-րդ բանակի նախկին հրամանատար Անատոլի Խրուլյովի մասին է:
Հենց այս գեներալներն են 2008 թ. ղեկավարել ռուսների ներխուժումը Վրաստան: «Հնգօրյա պատերազմից» հետո Գլխավոր շտաբի այն ժամանակվա հրամանատար Նիկոլայ Մակարովը նրանց մեղադրել էր կոպիտ սխալների և մեծ կորուստների համար:
Գեներալներին մեղադրել են մարտական կառավարման սխալների, զորքերի վատ պատրաստվածության, գործողության անցկացման ընացքում ռազմական տեխնիկայի, մարդկային մեծ կորուստների համար:
Ռուսաստանի պաշտպանության ներկայի նախագահ Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովի նախաձեռնությամբ գեներալ-գնդապետ Սերգեյ Մակարովը վերականգնվել է զինվորական ծառայությունում և ղեկավարելու է ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Համապատասխան պաշտոն է որոնվում նաև Անատոլի Խրուլյովի համար: ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ներկայի ղեկավար գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակը կնշանակվի Ռազմական կրթության վարչության ղեկավարի պաշտոնում: Թերթը գրում է, որ նման կադրային փոփոխությունները հավանաբար պատահական չեն: Բանակային միջավայրում Տրետյակը հայտնի է որպես գիտակ, լավ նախապատրաստված զինվորական ղեկավար, սակայն իր ծառայության ընթացքում նա գրեթե ոչ մի անգամ չի մասնակցել մարտական գործողությունների, ինչը չես ասի Սերգեյ Մակարովի մասին:
Ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմի Պոպովը թերթին տված հարցազրույցում ասել է, որ այժմ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունն ապագա սպաների ուսուցման գործում շեշտը դնում է հակամարտությունների և պատերազմների իրական մարտական փորձի ուսումնասիրման վրա: Իսկ այդ իրական փորձը պետք է փոխանցեն դրանցում մասնակցած սպաները և գեներալները:









































