Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Ստորև ներկայացնենք Իրանին վերաբերող՝ «Իրանն ուղղել է մեջքը» խորագիրը կրող կանխատեսումն ամբողջությամբ:
«Ամենայն հավանականությամբ, 2013թ. Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական կոնֆլիկտ չի լինի: Իրանը կարող է տարաձայնության սերմեր ցանել Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում ու Աֆղանստանում, սակայն այդուամենայնիվ, նա չունի այնքան քաղաքական ազդեցություն, որ Վաշինգտոնը արագորեն կարողանա ինչ-որ բան լուծել ռազմական մեթոդներով:
ԱՄՆ-ն ավելի շատ խաղադրույք կկատարի տնտեսական պատժամիջոցների վրա ու թույլ կտա իրանական ֆորտունային խաղալ Սիրիայում ու Լիբանանում. ամեն ինչ կընթանա իր հունով, ու Իրանի ձեռքերը կկապվեն, իսկ Վաշինգտոնը Թեհրանին զսպելու նպատակով զիջումների դիմելու կարիք չի ունենա:
Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում աճող լարվածությունը Իրանին ավելի ու ավելի շատ է տեղական «քավության նոխազ» դարձնում: Քանի դեռ Իսլամական Հանրապետությունը ի վիճակի է իր հակառակորդների համար տարածաշրջանում անհարմարություններ ստեղծել, նրա մայրամուտը կդանդաղի:
Թեհրանը զգալի ռեսուրսներ կծախսի Սիրիայում ու Լիբանանում իր դաշնակիցներին քաղաքական, տնտեսական ու ռազմական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, ինչի հետևանքով էլ չափազանց կարևոր դեր կխաղա Հյուսիսային Լևանտում անկայունության մեծացման ու քաղաքացիական պատերազմների հրահրման մեջ: Բացի այդ՝ Իրանը զինատեսակների մատակարարումներով կամրապնդի իր ներկայությունը և կպաշտպանի իր շահերը պաղեստինյան տարածքներում:
Ցանկացած պարագայում, Իրանի գլխավոր առաջնայնությունը լինելու է Իրաքը: Սիրիայի սուննիական ուժերի միավորումը ոչ մի դեպքում լավ շարունակություն չի ունենա Իրաքում, որտեղ կվիճարկվի շիաների գերազանցությունը:
Որպեսզի այդ իրավիճակը գործի, անհրաժեշտ կլինի ժամանակ, սակայն Իրանը դա թույլ չի տա, կսկսի ամրապնդել իր իրաքյան դաշնակիցներին՝ հընթացս օգտագործելով քրդերի շրջանում աճող անհամաձայնությունը, որոնք ձգտում են իրենց ազդեցությունը պահպանել Իրաքում, որը մշտապես հակասությունների մեջ է թուրքերի ու սուննիների հետ:
Մի կողմից Իրաքի շիա կառավարության, մյուս կողմից քրդերի, ինչպես նաև սուննիների միջև աճող լարվածությունը, միայն բխում է Իրանի շահերից՝ Բաղդադի վրա ազդելու համար, քանի որ իրաքյան շիաներն ավելի մեկուսացած են ու կախյալ արտաքին աջակցությունից:
Իրաքում իր ազդեցությունը պահպանելը, որը առանցքային դերակատարում ունի իրանական մաքսանենգության ոլորտում, Իրանի տնտեսության համար չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով խստացված միջազգային պատժամիջեցները:
Իրանի ֆինանսական ռեսուրսները սպառվում են ԱՄՆ նախաձեռնած տնտեսական պատժամիջոցների ազդեցությամբ, սակայն հզոր պետական վերահսկողությունը տնտեսության վրա ու պատժամիջոցների ռեժիմում իրավաբանական սողանցքերի հմուտ օգտագործումը՝ զուգակցված շահագրգիռ բիզնես-գործընկերների հետ, կկանխեն համակարգային կոլապսը Թեհրանի իշխող ռեժիմում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական ազդեցությունը այս տարի միայն կմեծանա՝ այդ ուժը չափազանց կարևոր գործիք է երկրի ներսում ապստամբական տրամադրությունների ճնշման համար ու արդյունավետ զենք արտաքին քաղաքականությունում, հատկապես ռազմական ոլորտում:
2013թ. հունիսին նախագահական ընտրությունները ցույց կտան կղերական էլիտայի ու ամբոխավարական շրջանակների ազդեցության նվազումը, որոնք միավորվել են հեռացող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կերպարի շուրջ:
Քաղաքական վակուումը, որը կառաջանա դրանից հետո, ամենայն հավանականությամբ կլցվի Կորպուսի ներկայացուցիչներով:
Իրանի գերագույն առաջնորդ ալաթոլլա Ալի Խամենեին կփորձի նրանց զսպել՝ առաջին պլան մղելով զինվորականներին ու հատուկ ծառայությունների, ինչպես նաև քաղաքականապես ավելի լոյալ ու բանակցությունների ընդունակ նախագահի թեկնածուի պրագմատիկ պահպանողական ճամբարի ներկայացուցիչներին:








































