Թուրքիայի քաղաքացի Մուսա Գյոքթաշը ձերբակալվել է Անկարայի դատարանի կողմից` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորմանը պատկանելու համար: Դա երկրում առաջին նմանատիպ նախադեպն է, հաղորդում է Vatan պարբերականը:
Անցյալ տարվա հոկտեմբերին Անկարայի 38-ամյա բնակիչ Գյոքթաշը` երկու 15-ամյա երկվորյակ որդիների հետ միասին Սիրիա է մեկնել` ԴԱԻՇ-ին միանալու համար: Ոչինչ չկասկածելով` նրա կինը ոստիկանությանը հայտնել է, որ ամուսինն ու երեխաները անհետացել են: Հունվարի վերջին տղամարդը Թուրքիա է վերադարձել` պարտքերը մարելու նպատակով տունը վաճառելու և կնոջ հետ Սիրիա վերադառնալու համար: Նա ձերբակալվել է Թուրքիայի հարավում գտնվող Գազիանտեպ քաղաքում, որտեղից մտադիր էր Անկարա վերադառնալ:
Գյոքթաշը մեղադրվել է ԴԱԻՇ-ին պատկանելու մեջ: Նա հայտարարել է, որ խմբավորմանը մասնակցել է կրոնական համոզմունքներից ելնելով:









































